National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.03.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 31-ին` ժամը 17:00-ին, գումարել  է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից մեկը Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր, որը քննարկման էր ներկայացվել առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Նշենք, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել էր Ազգային ժողովի` մարտի 31-ի առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստում, սակայն չէր ընդունվել:

Այս կապակցությամբ ելույթ ունենալով` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանել է, որ խմբակցության 10 անդամ դիտորդական առաքելությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում: Որոշ պատգամավորներ  առավոտյան նիստին  չեն մասնակցել հիվանդության եւ ռիսկային խմբերում լինելու պատճառով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  նշել է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության  նպատակը բացառապես վարակակիր անձի  հետ շփում ունեցած մարդկանց տեղորոշումն ու հայտնաբերումն է` օգտագործելով տեխնիկական միջոցների` մասնավորապես սմարթֆոնների հնարավորությունները:
 Քվեարկության արդյունքում փաթեթն առաջին ընթերցմամբ  ընդունվել է 69 կողմ ձայներով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում` կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը` ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:

Նախագիծը   երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

Օրվա ավարտին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական որոշ փոփոխություններ են կատարվել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են նախաձեռնության ընդունումը եւ դրանով պարետատանն արդյունավետ  պայքարելու եւս մեկ հնարավորություն տալը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին, որպեսզի Կառավարության եւ քաղաքական մեծամասնության գործողությունները հասկանալի լինեն: Նա արձանագրել է, որ  Հայաստանը եւ աշխարհը  նույնը չեն ինչ մեկուկես ամիս առաջ, նույնը չեն նաեւ Կառավարության նպատակները, գործելաոճը եւ մեթոդաբանությունը:

Արարատ Միրզոյանի խոսքով` համաճարակի հաղթահարման համար իրականացվող քաղաքականության հարցում քաղաքացիները պետք է ընդառաջ գնան Կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, եւս մեկ անգամ  կոչ եմ անում սթափ վերլուծել իրավիճակը եւ հետեւել բոլոր կանոններին, որոնք առաջարկում են Կառավարությունը եւ պարետատունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է մտահոգություններին ու նախագծի վերաբերյալ որոշ շահարկումների:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` առաջարկվող լուծումները միտված են կանխարգելման եւ  մեկուսացման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն: Նա ընդգծել է, որ անձանց վերաբերյալ տեղորոշման տվյալները տալու են հնարավորություն տեղորոշելու այն անձանց, ովքեր շփվել են վարակակրի հետ: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ համակարգն ամբողջովին ավտոմատացված է, չկա մարդկային որեւէ միջամտություն, կա ծրագիր, որը գտնելու է հավանական շփման շրջանակը:

«Արդյո՞ ք մեր հայրենակիցները չունեն այդ իրավունքը` օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ տեղեկացված լինելու, որ ունեցել են շփում վարակակրի հետ: Ես համոզված եմ` ունեն»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետը, արժեւորելով  հանրային առողջության խնդիրը, վկայակոչել է ասիական երկրների հաջողված փորձը, որոնք արդյունավետորեն կիրառել են տեղորոշման եւ մեկուսացման գործիքները: Ըստ նրա` կիրառվող բոլոր սահմանափակումներն արդյունք չեն տա, եթե հնարավոր չլինի վարակի շղթաները կանխարգելել եւ անձանց մեկուսացնել:

«Մեր նպատակն է տեխնոլոգիական գործիքներով հնարավորինս կանխարգելել վարակի տարածումը եւ տեղաշարժի ու այլ սահմանափակումները նվազեցնել ժամանակի հետ զուգահեռ: Սա է մեր խնդիրը»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը` հավելելով` մեր նպատակն է, որ վարակի տարածման ինտենսիվությունը նվազի:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից` ստանալով 71 կողմ ձայներ:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am